
Զբոսաշրջության կոմիտեն նպատակ ունի առաջիկա հինգ տարում տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ ունենալ
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մամուլի ասուլիսում ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը՝ ներկայացնելով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2024 թվականին։ Այն 2023 թվականի համեմատ նվազել է 4․6 տոկոսով։
Գևորգյանը մանրամասնել է, որ նախորդ տարի Հայաստան է այցելել 2,208,179 զբոսաշրջիկ, 2023-ին՝ 2,316,000 մարդ։ Ըստ նախագահի՝ տնտեսապես ամենաակտիվ և ամենահաջողվածը 2019 թվականն էր, չնայած որ այդ ժամանակ Հայաստան էր այցելել 1.8 մլն զբոսաշրջիկ։
Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիների ընթացքում զբոսաշրջային ոլորտում գրանցվել է 16 տոկոս աճ։ Կոմիտեն նպատակ ունի առաջիկա հինգ տարում տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկի հոսքի հասնել։
Գևորգյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնային շուկաներ շարունակում են մնալ Արաբական Միացյալ Էմիրությունները և Պարսից ծոցի երկրները։ Ավիափոխադրումների մասին խոսելիս՝ նա նշել է, որ ներկայումս քննարկման փուլում են տասնյակ նոր ուղիղ չվերթեր դեպի Եվրոպայի, Ասիայի և արաբական երկրների ուղղություններով։
Հարցին, թե միջինում որքան գումար է ծախսում Հայաստանում մեկ զբոսաշրջիկը, Գևորգյանը պատասխանել է, որ համագործակցում են միջազգային վճարային համակարգի հետ, որը հնարավորություն կտա 2025 թվականին ներկայացնել հստակ տվյալներ օտարերկրացիների ծախսերի մասին։ Կոմիտեի նախնական հաշվարկներով՝ ինքնուրույն Հայաստան ժամանող զբոսաշրջիկները միջինը ծախսում են 700 դոլար, իսկ տուրօպերատորների միջոցով եկողները՝ մոտ 2 000 դոլար: