
Հայ-ադրբեջանական հանդիպում սահմանին․ օրակարգում՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցը
Փետրվարի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն։
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը նախօրեին Հայաստանի իշխանություններից պահանջել էր տեղեկատվություն տրամադրել ղարաբաղյան պատերազմի տարիներին անհետ կորած ադրբեջանցիների վերաբերյալ։
Պաշտոնական տվյալներով՝ 1990-ական թվականներից անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով պաշտոնապես կա 175 անհայտ կորած զինվորական և 20 քաղաքացիական անձ։ Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ Նրանց թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի 8-րդ կետով կողմերը պետք է իրականացնեին ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում: