ՀայաստանՍոցիալական

Ներկայացվել է Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիրը

Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիրը, որի ստեղծման մասին 2024 թվականի դեկտեմբերին հանձնարարել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ներկայացվել է փետրվարի 20-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Ծրագիրը ներկայացրել է Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։ Ծրագիրն իր մեջ ներառելու է աղտոտիչների վերհանում և դրանցից յուրաքանչյուրով ծավալվող գործողությունների նկարագրություն։ Ներառված են լինելու նաև մի շարք մեղմացնող գործընթացներ: Հայկազյանը մանրամասնում է, որ քառամյա ծրագիրը կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր միջոցառումները, որոնք կնվազեցնեն օդի աղտոտվածությունը։ Այն հաշվի կառնի նաև մարդկային գործոնն ու որոշակի սահմանափակումների կիրառումը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ օդի աղտոտվածության ամենամեծ պատճառներից են բնակլիմայական պայմանները, սակայն, ըստ նրա, կան նաև մարդածին գործոններ՝ օրինակ, շինարարությունը, տրանսպորտը, ջեռուցումը, հանքերը, աղբավայրերը և այլն: 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին սոցիալական հարթակներում Երևանի բնակիչները արձագանքել են մայրաքաղաքում օդի աղտոտվածությանը։ Այն 5-7 անգամ գերազանցել էր համաշխարհային առողջապահական չափանիշները։ Դրանից հետո մայրաքաղաքում տեղարդվել էին օդի որակի 149 չափիչ սարքեր։