ՀայաստանՌազմական

ՊՆ զորամասում դիզվառելիքի հափշտակության գործը ուղարկվել է դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեից պարզել են, որ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատարը երեք այլ ծառայողների օժանդակությամբ հափշտակել է շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզվառելիք: Նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ընթացքում պայմանագրային զինծառայողը հրամանատարի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից պարբերաբար 200-ական լիտր վաճառել է տարբեր անձանց և դրա դիմաց ստացած գումարները փոխանցել նրան: Մի դեպքում էլ, չկարողանալով կատարել «հանձնարարությունը», դիզվառելիքը ինքն է վերցրել։

Երկրորդ զինծառայողը ևս նույն գումարտակի հրամանատարի պատվերով 200 լիտր տվել է տեղի բնակավայրերից մեկում գործող շինանյութի խանութի սեփականատիրոջը՝ պարտքի դիմաց։

Վերջին զինծառայողի բախտը սակայն չի բերել։ Հերթական 400 լիտր դիզվառելիքի վաճառքի ժամանակ ռազմական ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է նրան։

Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։