
Էլեկտրոմոբիլների ներմուծումը Հայաստան կխստացվի, կսահմանվեն տուգանքներ
Կառավարությունը կխստացնի էլեկտրոմոբիլների ներմուծումն ու կսահմանի խոշոր տուգանք էլեկտրական մեքենաները որպես պահեստամաս ներմուծելու դեպքում։ Նոր փոփոխությամբ, եթե ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չի գրանցվում, սեփականության իրավունքը չի ձևակերպվում, ապա նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ Եթե ներմուծված էլեկտրական մեքենան մեկ տարվա ընթացքում հանվում է հաշվառումից (բացառությամբ վթարի մասին ՆԳՆ տեղեկանքի առկայության), ապա ներմուծողին կտուգանեն նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ Այս փոփոխությունները մշակել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Էլեկտրական մեքենաների ներմուծումը շահավետ էր դարձել, երբ հարկային օրենսգրքում փոփոխություն եղավ, այն է՝ 2026 թվականի հունվարի 1-ից որոշ կատեգորիաների էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ կազատվեն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։
2025 թվականի համար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 8000-ից հետո ներմուծողը ևս չի վճարի ԱԱՀ, սակայն կվճարի մաքսային տուրք։ 2024 թվականին էլեկտրական շարժիչով մեքենաների 71,4 տոկոսը ֆիզիկական անձինք են ներմուծել, 28,6 տոկոսը՝ իրավաբանական անձինք։