ՀայաստանՏնտեսություն

Հայաստանում ֆինանսական հաշվետվություններ չներկայացնող խոշոր ընկերությունների տուգանքները եռակի կբարձրացվեն

Հայաստանում խոշոր ընկերությունների տուգանքները կբարձրացվեն, եթե չհրապարակեն ֆինանսական հաշվետվություններ։ Առաջարկով նախատեսվում է հաշվետվությունները չհրապարակելու դեպքում սահմանել 150 հազար դրամ, ուշացնելու դեպքում՝ 1,5 մլն դրամ, իսկ մեկ ամիս կրկին ուշացնելու դեպքում՝ 3 մլն դրամ տուգանք։ Նախագիծը առաջարկել է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։

Պողոսյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանում կա մոտ 550 ընկերություն, որոնք պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները հրապարակել աուդիտորական եզրակացությամբ: Պետք է ներկայացնեն հաշվետվություն նաև այն ընկերությունները, որոնց ակտիվների ծավալը առնվազն 10 մլրդ դրամ է, շրջանառությունը` 20 մլրդ դրամ, իսկ աշխատակիցների թիվը՝ 250։ Փոխնախարարը հավելել է, որ առաջին խմբի ընկերությունները հաշվետվությունները հրապարակում են ժամանակին։ Խոշոր ընկերությունների միայն կեսն է հրապարակում։

Պողոսյանը անդրադարձավ նաև աուդիտի ոլորտը կարգավորելու թեմային՝ նշելով, որ մինչև 2008 թվականը աուդիտորները պարտավոր էին քննություն հանձնել 5 տարին մեկ անգամ, դրանից հետո նրանց թույլ են տվել անժամկետ աշխատել 15 տարուց ավելի։

Ըստ Ֆինանսների նախարարության՝ Հայաստանում խոշոր ընկերության աուդիտի միջին արժեքը կազմում է մոտ 6 մլն դրամ: