ՀայաստանՍոցիալական

Բողոքի ակցիա Հաղթանակ թաղամասում․ հողերի սեփականության հարցը դեռ չի լուծվել

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասում այսօր լարված իրավիճակ է ստեղծվել. տեղի բնակիչները փակել են հարավ-արևելյան թաղամաս-Հաղթանակ ճանապարհը՝ բողոքելով իրենց հողերի սեփականության հարցի ձգձգման դեմ։

Բնակիչները արդեն երկար ժամանակ է սպասում են, որ իրենց հողատարածքների սեփականության իրավունքի հարցը վերջնականապես կարգավորվի։ Քաղաքապետարանը դեռ 2022 թվականից գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և այդ ժամանակից ի վեր արդեն 96 որոշում է կայացվել հողի սեփականության ակտերի հիման վրա։ Սակայն բազմաթիվ քաղաքացիներ մինչ օրս չեն ստացել սեփականության լիարժեք իրավունքը, ինչը նրանց սահմանափակում է հողատարածքները վաճառելու, օտարելու կամ նվիրաբերելու հարցերում։

Բնակիչները արդեն բացել են ճանապարհը։

Բողոքի ակցիային արձագանքել են Երևանի քաղաքապետարանից։ Մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարին քաղաքապետը հանդիպել էր բնակիչների հետ, իսկ նախորդ շաբաթ նրանց ընդունել էր քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Նախատեսվում է, որ այս չորեքշաբթի վերջինս կրկին կհանդիպի բնակիչների հետ՝ քննարկելու նրանց մտահոգությունները։