ՀայաստանՔաղաքականություն

Մարգարայի կամուրջը և հայ-թուրքական հարաբերությունները

Մարգարայի կամուրջը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Մարգարա գյուղի մոտ՝ Արաքս գետի վրա։ Այն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետերից մեկն է։ Կամուրջը կառուցվել է 1970-ական թվականներին խորհրդային ժամանակաշրջանում և ծառայել է որպես երկու երկրները կապող օղակ։ Սակայն 1993 թվականին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով, Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ ցամաքային և օդային սահմանները, ինչի հետևանքով կամուրջն այլևս չի գործել։ 1995 թվականին Թուրքիան վերաբացել է օդային սահմանը, սակայն ցամաքային սահմանները մինչ օրս շարունակում են մնալ փակ։ Ճանաարհը գտնվում է հայ և ռուս սահմանապահների հսկողության տակ։

Հայաստանի նախկին իշխանությունների օրոք Մարգարայի կամուրջը չի բացվել։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի վերջին։ Այդ նպատակով հատուկ ներկայացուցիչները հանդիպել են հինգ անգամ՝ 2022 թվականի հունվարի 14-ին, փետրվարի 24-ին, մայիսի 3-ին, հուլիսի 1-ին, ինչպես նաև 2024 թվականի հուլիսի 30-ին։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել հենց Մարգարա-Ալիջան սահմանային անցակետում, որտեղ կողմերը վերահաստատել են նախորդ պայմանավորվածությունները։ Բացի այդ, քննարկվել է Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետի հնարավոր գործարկումը, ինչպես նաև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար վիզայի ընթացակարգերի դյուրացումը։

Փետրվարի 10-ին մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ Մարգարայի կամուրջը մարտի 1-ից կբացվի։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին նման որոշում չկա։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախկինում հայտարարել էր, որ կամուրջը տեխնիկապես պատրաստ է շահագործման։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության 2021-2026թթ. ծրագրում արձանագրված է, որ երկիրը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Թեև գործընթացը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, արդեն իսկ իրականացված քայլերը վկայում են կողմերի միջև որոշակի առաջընթացի մասին։