
Խորհրդարանում առաջարկվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով
Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է ներկայիս աշխարհազորի համակարգի փոխարեն ստեղծել տեղական պաշտպանության ուժեր։ Սրա մասին խորհրդարանում հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք ներառվելու են զորամասերի ենթակայությամբ գործող զորամիավորումների կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ։
Նա պարզաբանել է, որ տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է բանակային կորպուսի հրամանատարության կողմից։ Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են համայնքում հաշվառված, պատերազմական իրավիճակի ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով կամավորության սկզբունքով՝ անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով։ Սակայն, այն չի համարվելու զինվորական ծառայության անցնելու պայմանագիր:
Սահմանվում են նաև տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումներում քաղաքացիների ներգրավման, պատրաստման և կիրառման պայմանները, որոնք մեծամասամբ նույնական են գործող օրենքով աշխարհազորայինների մասով նախատեսված պայմաններին:
Կառավարությունը հավանություն էր տվել «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը: