Պաշտպանության նախարարների հանդիպումը․ որքա՞ն ենք կապված հնդկական ռազմարդյունաբերությունից
Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ ու քննարկել պաշտպանական ոլորտում գործընկերության ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք կարևոր հարցերի։
Չնայած այն բանին, որ նախկինում Հայաստանի միակ խոշոր գործընկերը Ռուսաստանն էր, հիմա Հայաստանը դիվերսիֆիկացրել է զենքերի մատակարարումը։ Սկսել է զենքեր գնել նաև Հնդկաստանից ու Ֆրանսիայից։ Հնդկական IRWA.org-ը դեռ 2024 թվականի հոկտեմբերին հայտնել էր, որ Հայաստանի Զինված ուժերն ավարտել է հնդկական ATAGS հաուբիցների փորձարկումները։ Հաուբիցները անցել են բոլոր հնարավոր փորձարկումները։ Բացի այդ՝ մի քանի փոփոխություններ են կատարվել հայ զինվորականների պահանջներին համապատասխանեցնելու համար։ Փորձարկումներից հետո Հայաստանը ձեռք կբերի ևս 84 հատ ATAGS հաուբից։
Հայաստանի Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ Հովհաննես Վարդանյանը «Միջազգային պաշտպանական ավիացիոն ցուցահանդես 2024»-ի զորավարժությունների շրջանակում նշել էր, որ դիտարկում են հայկական Սու-30 կործանիչների արդիականացման հնարավորությունը։
2024 թվականի հուլիսին Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` 2024-2025 ֆինանսական տարիների կտրվածքով հնդկական սպառազինությունների Հայաստանի գնումների ծավալները հասել են 600 միլիոն դոլարի։ Հայաստանը համարվում է Հնդկաստանի ռազմամթերքի թիվ մեկ խոշոր գնորդը։
2025 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը աճել են՝ հասնելով 1,7 միլիարդ դոլարի։ 2024 թվականի ծախսերի համեմատ՝ այս թիվն աճել է 110․460 մլրդ դրամով:
