
Հայաստանում մոտ 220 հազար քաղաքացիներ համարվում են անհուսալի վարկառու
2025 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է ծրագիրը, որի նպատակն է աջակցել անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին: Այժմ արդեն 1,000 մարդ է դարձել ծրագրի շահառու: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ հոկտեմբերի տվյալներով Հայաստանում մոտ 220 հազար քաղաքացիներ համարվում են անհուսալի վարկ ունեցողներ։ Ծրագրի պայմաններով անձը համարվում է անհուսալի վարկառու, եթե վարկի սպասարկման ժամկետն անցել է 271 և ավելի օր։
Աջակցության ծրագրից կարող են օգտվել նրանք, ովքեր վարկային պարտավորություններ ունեն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային հաստատություններում, բոլոր վարկերի գծով մայր պարտքի ընդհանուր գումարը հայտի օրվա դրությամբ կազմում է 1 մլն դրամից պակաս, և այդ վարկերը առնվազն 3 տարի համարվել են անհուսալի։
Այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Այսինքն՝ շահառուն երկու տարի կկարողանա օգտվել այս ծրագրից։ Շահառու ճանաչվելու դեպքում վարկի սպասարկման համար աշխատավարձից պահվող գումարը նախատեսվում է սահմանել 20 տոկոս՝ 24 ամիս ժամկետով (նախկին մինչև 50 տոկոս սահմանաչափի փոխարեն)։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել պաշտոնապես գրանցված աշխատանք ունեցող անձինք։ Միևնույն ժամանակ, եթե անձը դիմումը հաստատելուց հետո պաշտոնապես թողնի աշխատանքն ու երեք ամսվա ընթացքում նորից աշխատանք չգտնի, ապա նա կդադարի լինել շահառու, և բանկերը կկարողանան վերականգնել այս հաճախորդի նկատմամբ տույժերն ու տուգանքները,- հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյաը։
Սակայն նշենք նաև, որ զինծառայողները չեն կարող օգտվել դեռևս անհուսալի վարկեր ունեցողների ծրագրից՝ ելնելով բազաների անվտանգության հարցերից։ Սակայն այժմ ծրագրեր են մշակվել այդ խնդիրը լուծելու համար։