ՀայաստանՍոցիալական

«Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների վերանորոգման համար հայտարարվել է 504 միլիոն դրամի մրցույթ

Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի շարժասանդուղքների վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ։ Դրա ընդհանուր գումարը կկազմի 504 միլիոն դրամ։ Սրա մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Շարժասանդուղքների վերանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Տեսանյութի մեջ անդրադարձ է կատարվում վերջին տարիներին Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքներին։ Նշվում է, որ մետրոպոլիտենի վերազինման ու արդիականացման համար քաղաքապետարանը շուրջ 6 միլիարդ 300 միլիոն դրամի ներդրում է կատարել։

Վերանորոգվել են «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ» և «Գործարանային» մետրոյի կայարանների շարժասանդուղքները։ Հիմնանորոգման համար ծախսվել է, համապատասխանաբար, 260 միլիոն, 204 միլիոն և 114 միլիոն դրամ։ «Գործարանային» և «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքները մետրոպոլիտենի կառուցումից հետո առաջին անգամ էին փոխարինվում։ «Գործարանային»-ի երեք շարժասանդուղքների շահագործման համար պահանջվեց շուրջ 3 ամիս։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանը մետրոյի նոր վագոնների ձեռքբերման համար 74 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է ներկայացրել։