
Հայ լեռնադահուկորդը պատմական նվաճման է հասել
Ավստրիայի Զալբախ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը որակավորվել է առաջնության եզրափակիչ փուլ: Սա Հայաստանի լեռնադահուկային սպորտում պատմական նվաճում է․ Գլեբ Մոսեսովը առաջին հայ լեռնադահուկորդն է, որ դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Սրա մասին հայտնել է Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիան։
Մոսեսովը զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը՝ երկու վայրէջքների արդյունքում ցույց տալով 1:46.85 ընդհանուր ժամանակ։ Այս ցուցանիշը նրան թույլ տվեց ընդգրկվել 50 լավագույն մարզիկների շարքում, ովքեր փետրվարի 14-ին կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար։
Դահուկավազքի այս մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Հարություն Հարությունյանը, որակավորման փուլում զբաղեցրել է 58-րդ տեղը:
Մրցաշարին մասնակցում է 59 երկրի 133 մարզիկ։