ՀայաստանՄշակույթ

Թանգարանները  մի շարք միջոցառումներով  միացել են Սուրբ Սարգսի տոնակատարություններին  

Փետրվարի 15-ին տասը հաջողակ զույգ կայցելի Հայաստանի պատմության թանգարան, որտեղ  դերասան Ներսես Ավետիսյանը և լուսանկարիչ Լիլիթ Յունի Ղազարյանը հատուկ շրջայց կանցկացնեն «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային բացառիկ ցուցադրության սրահում։ 

Ժամը 14:00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ևս կնշեն Սուրբ Սարգսի տոնը սիրո և արվեստի մթնոլորտում։ Միջոցառման ընթացքում կներկայացվի Մարտիրոս Սարյանի և նրա կնոջ՝ Լուսիկի, ջերմ ու հուզիչ սիրո պատմությունը, կընթերցվեն նրանց սիրային նամակները։  

Ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի «Սուրբ Սարգսի պատկերները հայ միջնադարյան արվեստում» թեմայով դասախոսությանը, որտեղ կբանախոսի  արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանը։  

Մինչև փետրվարի 16-ը Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում կցուցադրվի 19-րդ դարի անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբապատկերը, որի վրա պատկերված են Սուրբ Սարգիս զորավարը, և նրա որդին` Մարտիրոսը։ Նրանք 14 զինվորների հետ նահատակվել են հանուն քրիստոնեության: Նկարն Ազգային պատկերասրահ է բերվել Աշտարակի Կարմրավոր եկեղեցուց, որտեղ պահպանվել է նաև Սուրբ Սարգսին պատկերող 7-րդ դարի որմնանկար: 

Հայաստանի փայտարվեստի թանգարանում նույնպես կանցկացվեն միջոցառումներ՝ վարպետաց դասեր՝ թելից ճակատնոցի կամ թևնոցի պատրաստման թեմատիկայով։ Կգործի նաև սիրային ֆոտոզոնա։ 

Գրականության և արվեստի թանգարանում դրված տուփից հանելով բացիկը՝ այցելուները հնարավորություն կունենան տերյանական բառերով սիրային խոստովանություն կարդալ իրենց սիրելիների համար։ Ծրագիրը իրականացվում է Վահան Տերյանի 140-ամյակի միջոցառումների շրջանակներում։ 

Նախատեսված են միջոցառումներ նաև այլ մշակութային հաստատություններում։