
Գյումրիում «Չոր նավահանգստի» կառուցումը կրկին հետաձգվել է
Ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանը չի կարողանում որոշել Գյումրիում «Չոր նավահանգիստ» և արդյունաբերական հանգույց կառուցելու ծրագրի իրականացման ժամկետները։ Դրա իրականացման մեկնարկի ժամկետը կրկին հետաձգվել է անորոշ ժամանակով։
2023 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ «Չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական հիմնավորումը (FS) արդեն պատրաստվել է հոլանդական միջազգային MTBS խորհրդատվական ընկերության կողմից։ Շինարարական աշխատանքները նախատեսվում էր սկսել 2024 թվականի երկրորդ կեսին։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանել են, որ այս պահին, բացի տեխնիկատնտեսական հիմնավորումից, մշակվել է ծրագրի իրականացման պլան և ճանապարհային քարտեզ։
Գերատեսչությունից նշում են, որ բանակցությունները պոտենցիալ ներդրողների հետ, այդ թվում՝ միջազգային, շարունակվում են։ Պոտենցիալ գործընկերների թվում են Ասիական զարգացման բանկը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում նմանատիպ նախագծերի իրականացման մեջ ներգրավված կառույցները (ԱՄԷ, Իրաք և Քաթար)։
Նախորդ տարվա կատարած աշխատանքի ամփոփիչ ասուլիսում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ «Շիրակի չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է տեղի ունեցել, և եթե այն իրագրոծվի, ապա դառնալու է տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ։ Նա այս նախագիծը համարում է խիստ անհրաժեշտության մասին «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում։
«Չոր նավահանգստի» մասին բազմիցս խոսվել է։ Դեռ 2019 թվականին կառավարությունը ցանկացել է Շիրակ միջազգային օդանավակայանի հարևանությամբ ստեղծել «Շիրակի չոր նավահանգիստը»։ Այն պետք է ստեղծվեր Գյումրիում՝ «Շիրակ» օդանավակայանի մոտ, ունենալու էր չոր նավահանգստի գոտի և օդային գոտի։ Չոր նավահանգստի գոտին ներառելու էր մեծ պահեստ, որտեղ իրականացվելու էին համախմբված բեռնափոխադրումների ծառայություններ, տեղակայվելու էին նաև մաքսային բաժանմունքները, անձնակազմը և տերմինալի կառավարման թիմը: Իսկ օդային գոտում իրականացվելու էին օդային բեռնափոխադրումներ։ Այս նախաձեռնության մասին առաջինը 2021-ին հայտարարել էր Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, իսկ 2022-ին սկսել էին նախագծման աշխատանքները, և ահա 2022-ի տարեվերջին արդեն հանրային քննարկման ներկայացվեց նախագիծը։