ՀայաստանՏնտեսություն

Նախատեսվում է կրկին արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը։ Սրա մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարությունը։

2023 թվականին Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ նախատեսում է ընդհանրապես արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը, քանի որ 2022-ին ընդունված մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի արգելքը անարդյունավետ էր եղել։ Նաև նախարարությունից փորձել էինք ճշտել, թե 2023–ին առաջարկված նախագիծը ինչու չէր ընդունվել։

Նախարարությունից հայտնել են, որ շրջակա միջավայրի նոր նախագծի համաձայն՝ նախատեսվում է արգելել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունը, այսինքն՝ արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա։ Բացառություն կկազմեն կշռափաթեթավորման համար օգտագործվող և երկրորդային հումքից արտադրված և աղբի համար նախատեսված պարկերը:

Ոչ միայն նախատեսվում է արգելել դա, այլև պլաստիկից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) օտարումը, ինչպես նաև առկայությունը։

Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության տարածքում առևտրի կետերում արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Վերահսկողությունն ու վարչական պատասխանատվության իրավասությունը օրենքով վերապահվեց համայնքային կառույցներին։ 50 միկրոնից բարակ տոպրակի իրացման համար նախատեսվում է 20-30 հազար դրամի տուգանք։