ՀայաստանՄշակույթ

Կապտավանք եկեղեցին կվերականգնվի

Տավուշի մարզի Չինչին գյուղում գտնվող Կապտավանք եկեղեցին կվերականգնվի պետական և մասնավոր համագործակցությամբ։ Վերակառուցումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Արման Մայիլյանի հովանավորությամբ։

Այս նպատակով կողմերը ստորագրել են հուշագիր, որով սահմանվում են վերականգնման աշխատանքների հիմնական դրույթները։ Նախագիծը ներառում է եկեղեցու ամրակայումը, ճարտարապետական վերականգնումը և հարակից տարածքի բարեկարգումը։ Ըստ հուշագրի՝ ԿԳՄՍ նախարարությունը կտրամադրի հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերը, սահմանված կարգով դրանք կքննարկի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում և կտրամադրի եզրակացություն, աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվություն:

«Կապտավանք» անվանումը որևէ հիմնավորված բացատրություն չունի։ Այդ անունը ծագել է հուշարձանի քարերի գույնից, քանի որ այն կառուցված է կապտագույն բազալտից։ Ներկայումս վանական համալիրց պահպանվել է միայն եկեղեցին։ Եկեղեցուն կից եղել են ժամատուն և մոտակայքում միաբանության բնակելի շենքեր, իսկ շուրջը՝ գերեզմաններ։ Սակայն ներկայումս այդ բոլորից որևէ հետք չի մնացել։ Եկեղեցին հավանաբար կառուցվել է 12-րդ դարում։ Այն ընդգրկված է Չինչինի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։