ՀայաստանՍոցիալական

Արարատի և Արմավիրի մարզերում լուծարման ենթակա 58 հոր կա

Արարատի մարզի Հայանիստ, Հովտաշատ և Դարբնիկ համայնքներում գտնվող հորի ջուրը շուրջ 30 տարի է՝ հոսում է, սակայն մոտակայքում մշակվող հողեր չկան։

«Հայաստանի ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գոռ Գրիգորյանը նշում է, որ այդ աղբյուրի հարցը լուծելու համար օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու կամ կառավարության նախագծեր շրջանառելու անհրաժեշտություն չկա։

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ 2023 թվականին ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը Արարատի և Արմավիրի մարզերում առանձնացրել է կոնսերվացման (ժամանակավորապես դադարեցնել) և լուծարման ենթակա 58 հոր։ Դրանք կոնսերվացնելու դեպքում կխնայվի վայրկյանում շուրջ 3000 լիտր ստորերկրյա ջուր։

«Հայաստանի ձկնաբույծների միության» ղեկավարն էլ ասում է, որ 2023 թվականին Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմել են 1,1 մլրդ խորանարդ մետր։ Եթե նախարարությունը 58 հորերի լուծարման դեպքում վայրկյանում 3000 լիտր խնայողության մասին է խոսում, նշանակում է՝ ամեն տարի տիրազուրկ հորերից շուրջ 100 մլրդ լիտր ջուր կամ 100 մլն խորանարդ մետր ջուր է հոսում։ 30 տարում այդ թիվը կկազմի շուրջ 3 մլրդ խորանարդ մետր։