ՀայաստանՏնտեսություն

Վրաստանից դեպի Հայաստան եկող ճանապարհը փակ է. իրավիճակը Լարսում

Վրաստանից դեպի Հայաստան սահման տանող ճանապարհին սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը։ Սրա մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտը։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն` ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով սահմանափակում է գործում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից 110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածում:

Առավոտյան ճանապարհը փակ է եղել տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Նշենք, որ ավելի քան 400 հայկական բեռնատար մնացել է ռուս–վրացական սահմանի Հյուսիսային Օսեթիայի «Վերին Լարս» անցակետում։ 

Ընդհանուր առմամբ՝ հերթում գրանցվել է 1555 բեռնատար տարբեր երկրներից, որից 423-ը՝ հայկական։ Այն միակ ճանապարհն է, որ Հայաստանը կապում է Ռուսաստանին։