ՀայաստանՍպորտ

Հավաքականի նոր մարզիչը. ո՞վ է նա, և ի՞նչ սպասել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին հեռացնելուց 4 ամիս անց նոր գլխավոր մարզչի մասին հայտարարեց։ Ազգային ընտրանին կմարզի հոլանդացի 61-ամյա մասնագետ, Հունաստանի հավաքականի ու «Այաքսի» նախկին գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը։ Դեռ ամիսներ առաջ Fast TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հայտնել էր, որ հաջորդ գլխավոր մարզիչը կլինի արտերկրացի ու երիտասարդ։

Ո՞վ է մեր ընտրանու նոր մարզիչը, ի՞նչ սպասելիքներ պետք է ունենալ ու արդյո՞ք ՀՖՖ-ի ընտրությունը ճիշտ էր։

Սխիպի ֆուտբոլային կարիերան սկսել է 1982-83 մրցաշրջանից: Աջ վինգերը, ով ծնվել է Կանադայում, «Այաքսի» ակադեմիայում է ֆուտբոլային կրթություն ստացել, այնուհետև հասել գլխավոր թիմ։ Շուրջ 10 տարի գլխավոր թիմում խաղալուց հետո Սխիպը տեղափոխվեց իտալական «Ջենոա»։ Նա կարիերայի ընթացքում 421 հանդիպման է մասնակցել։ Այդ խաղերում խփել է 43 գոլ։

Կարիերան ավարտելուց 1 տարի անց Սխիպը մտավ «Այաքսի» մարզչական ակադեմիա։ Ավելի քան 12 տարի նա համակարգում էր հոլանդական ակումբի երիտասարդական ակումբները։ 

Մարզչական կարիերայի ամենավառ շրջանը 2019-21 թվականներն էին։ Այդ ընթացքում նա մարզում էր Հունաստանի ազգային հավաքականը։ Ի դեպ, 2019-ին հենց իր գլխավորած Հունաստանը հաղթեց Հայաստանին Երևանում կայացած խաղում (0:1): 2023-ի հոկտեմբերից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը նա գլխավորեց հայրենի ակումբը՝ «Այաքսը»։ Հիմա նրան սպասում է հայ երկրպագուն։

Մարզական մեկնաբան Արման Աբելյանը կարծում է, որ Սխիպին նշանակելը վատագույն տարբերակը չէ՝ նշելով, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լավագույն ընտրությունը կարող էր լինել։

Ակնկալիքների մասին Աբելյանը նշեց, որ հավաքականը չիրացված ներուժ ունի և կարող է պայքարի մեջ մտնել առաջիկա ընտրական մրցաշարում։ Ըստ նրա՝ մարզիչը պետք է օգտվի եղած ներուժից։ Չնայած որ կազմը խորը չէ, բայց դրանով ևս կարելի է արդյունքի հասնել։

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/25 թվականների մրցաշարի փլեյ-օֆֆում Հայաստանի ազգային հավաքականն ուժերը կչափի Վրաստանի ընտրանու հետ: Հանդիպումները կանցկացվեն մարտի 20-ին և 23-ին համապատասխանաբար Երևանում և Թբիլիսում: Հաղթելու դեպքում հավաքականը դուրս կգա Ազգերի լիգայի B դիվիզիոն։