
Հայաստանի ողջ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ
Հայաստանում տեղացած առատ ձյունը խափանել է երթևեկությունը տարբեր ճանապարհահատվածներում։ Ձյան առատ տեղումների պատճառով փրկարարները դուրս են բերել 33 ավտոմեքենա և օգնություն տրամադրել 55 քաղաքացու։
Ժամը 9․00-ի դրությամբ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
— Արագածոտնի մարզում, Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Արտաշատի, Մասիսի, Արարատի, Վեդու տարածաշրջաններում, Սյունիքի մարզում (բացի Ագարակ, Մեղրի քաղաքներից), Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում, Ելփին, Զանգակատուն գյուղերում տեղում է ձյուն։ Այսինքն՝ Հանրապետության ողջ տարածքում ձյուն է գալիս։
— Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
— Գեղարքունիքի մարզում Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
— Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի խաչմերուկից մինչև Սյունիքի մարզի Կապան քաղաք տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
— Տավուշի մարզի միջպետական ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
— Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։
— Արագածոտնի մարզի Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
— Արագածի տարածաշրջանում, Ռյա Թազա-Ապարան և Վեդի-Լանջառ ավտոճանապարհներին բուք է։
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ից Լարսում ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով սահմանափակում է գործում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից 110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածում: