ՀայաստանՍոցիալական

Նոր Խարբերդ թաղամասի գազամատակարարման ցանցը կընդլայնվի

Կառավարությունը ընդունել է որոշում, ըստ որի կիրականացվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի գազամատակարարման ցանցի ընդլայնում։ Նոր Խարբերդ թաղամասում բնակելի տների ջեռուցումն իրականացվում է էլեկտրական ջեռուցիչներով, տաքացուցիչներով և մետաղյա վառարաններով՝ վառելափայտի միջոցով, որը հիմնականում տրամադրում է համայնքը։ Սա միակ թաղամասն է Երևանում, որն ամբողջությամբ զուրկ է գազամատակարարման համակարգից։

2024 թվականին թաղամասի ամբողջական գազաֆիկացման հիմքերը դրվել են, և կառուցվել են թաղամասի երկու կենտրոնական փողոցներով անցնող 10․6 կմ երկարությամբ գազատարը, գազաբաշխիչ և չափիչ հանգույցները։ Սակայն ծրագիրը չի իրականացվելու Երևանի քաղաքապետարանի կողմից՝ բյուջեի սղության պատճառով։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում մի շարք խնդիրներ կան, որոնց շարքում են նաև խմելու ջրի մատակարարման և կոյուղու համակարգի բացակայությունը։ 2024 թվականին տարածքում մեկնարկել են ջրամատակարարման նոր ցանցի կառուցման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2025 թվականին։ Քաղաքապետարանի ֆինանսավորմամբ տեղում նաև ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել։ Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրերում կա այդ թաղամասում դպրոց և մանկապարտեզ կառուցել։

Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ Նոր Խարբերդ վարչական շրջանում ապրում է շուրջ 10 հազար մարդ, որոնցից 30 տոկոսը գտնվում են սոցիալական անապահով վիճակում։ Մեծ թիվ են կազմում նաև բազմազավակ ընտանիքները։

Նոր Խարբերդ թաղամասը որպես ամառանոցային-այգեգործական տարածք հիմնվել է 1969 թվականին: Ընդհանուր տարածքը կազմում է 374 հա: Թաղամասն ունի ձևավորված 80 փողոց: