ԿրթությունՀայաստան

«Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի տարածքը կընդլայնվի

Հայաստանի կառավարությունը նախատեսում է փոխել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի տարածքը։ Կառավարության հիմնավորման մեջ նշված է, որ «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի սահմաններում ընդգրկվել են մայրաքաղաքի տարածքում գտնվող միայն 11-րդ և 12-րդ բլուրները: Արգելոցի սահմաններից դուրս են մնացել հուշարձանի մասը կազմող 1-9-րդ բլուրների վրա կառուցված պալատական համալիրը, զորանոցային մասը և զինագործակական արհեստագործական թաղամասը, պաշտպանական համալիրի և քաղաքացիական նշանակության կառուցապատված թաղամասերը:

Կառավարության նախաձեռնության համաձայն՝ արգելոցի շուրջ 6 հեկտար մակերեսով հողատարածքին կավելանա ևս 78 հեկտար։ Ընդհանուր առմամբ՝ «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի տարածքը կլինի շուրջ 84 հեկտար։

Այդ տարածքները գտնվում են Լուսառատ և Փոքր Վեդի համայնքների շրջանում և այդտեղ են հայտնվել սխալ չափագրումների արդյունքում։

Արտաշատ մայրաքաղաքը կառուցվել է մ․թ․ա․ II – մ․թ․ IV դարերում՝ Արտաշեսյան թագավորության իշխանության տարիներին։ Պեղումները այդ տարածքում մեկնարկել են անցյալ դարի 70-ական թվականներին, երբ Փոքր Վեդի գյուղում ջրատարի անցկացման ժամանակ գտնվեց լատինատառ արձանագրությունը՝ Արտաքսատա (Արտաշատ) քաղաքի և հռոմեական կայսր Տրայանոսի տիտղոսների հիշատակությամբ։ Հայաստանի պատմության թանգարանում այսօր գործում է հատուկ ցուցահանդես, որը նվիրված է Արտաշատի պեղումների 50-ամյակին։