ՀայաստանՏնտեսություն

Կարտոֆիլի ներմուծվող սերմացուի համար կկիրառվեն արտոնություններ

Հայաստան ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ կկիրառվեն սակագնային արտոնություններ։ Բացի այդ Հայաստանը ստացել է առանց մաքսատուրքերի 3,5 հազար տոննա կարտոֆիլի սերմացու ներմուծելու հնարավորություն։ Ծրագրում ընդգրկված են E (էլիտային) և A դասի (առաջին վերարտադրության) սերմացուները։ Սակագնային արտոնությունը կկիրառվի 6 ամիս ժամկետով։ Որոշումն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

Կարտոֆիլի սերմացու ներմուծելու համար անհրաժեշտ է համապատասխան լիցենզիա ստանալ, որի մասով լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Կարտոֆիլի սերմացուի ներմուծման ծրագիրը ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2025 թվականի հունվարի 22-ի որոշման հիման վրա։

Նշենք, որ Հայաստանը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանել է 2500 տոննա կարտոֆիլ է։ 2024 թվականին Հայաստանում 696 հազար տոննա կարտոֆիլ է արտադրվել, ինչը գրեթե 2 անգամ քիչ է 2014 թվականի արտադրանքից։