ՀայաստանՔաղաքականություն

Բերման է ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետը

Գյումրիում ձերբակալությունները շարունակվում են։ Այս անգամ էլ բերման են ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել հենց ինքը՝ քաղաքապետը։ Նա հայտարարել էր, որ պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել Գյումրիի ավագանու ընտրություններին, որոնք կկայանան մարտի 30-ին։

2021 թվականի ամռանը Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի գույքի բռնագանձման և պաշտոնական կեղծիք կատարելու 38 դրվագներով։ Նրան պատկանող 24 գույք կալանքի տակ էր դրվել։ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Վերաքննիչ դատարանի որոշման արդյունքում նույն գործով նրա որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու որոշում էր կայացվել։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ նրանք պետական ու համայնքային հողեր են օտարել իրենց և իրենց փոխկապակցված անձանց։ Մասնավորապես՝ 2006-2011թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, տարբեր հասցեներում գտնվող 24 անշարժ գույք, այդ թվում՝ ընդհանուր օգտագործման կանաչ գոտի (զբոսայգի) հանդիսացող քաղաքային զբոսայգու հողամասեր։

Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ է եղել 13 տարի՝ 1999-2012 թվականներին։

Հիշեցնենք, որ ապօրինի գույքի բռնագանձման մեղադրանքով անցնում է նաև Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Բալասանյանը մեղադրվում է «Սև բերդ» արգելոցի տարածքում գտնվող պետական հողերը անօրինական կերպով օտարելու մեջ։