
Մարզերում 5 երիտասարդական կենտրոն է բացվել
Մարզերում պետության աջակցությամբ ձևավորվել և արդեն գործում է երիտասարդական 5 կենտրոն: Դրանք գտնվում են Մեղրիում, Վանաձորում, Իջևանում, Ապարանում և Դիլիջանում։ Կենտրոնները աշխատում են 2024 թվականի հունվարից։
Նախատեսվում է 2025 թվականին ևս 4 կենտրոն բացել։ Երիտասարդական կենտրոնները մարզաբնակ երիտասարդների ինտելեկտուալ ժամանցն ու ոչ ֆորմալ կրթությունը ապահովելու համար են ստեղծվել։ Կառավարության ծրագրում նշված է, որ յուրաքանչյուր տարվա կտրվածքով երիտասարդական կենտրոններում պետք է ընդգրկվի առնվազն 200 երիտասարդ։
Կառավարությունից հայտնում են, որ յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի հատկացվել է 26 միլիոն դրամ։ Այդ գումարները հիմնականում օգտագործվել են շինությունների նորոգման, կահավորման, տեխնիկական զինման համար։ 2021-2026 թվականների կառավարության 5-ամյա ծրագրով Հանրապետության տարածքում նախատեսվում է հիմնել այսպիսի 25 կենտրոն: