
Երևանում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան ավտոդրոմ
Հայաստանում առաջին ավտոմոբիլային սպորտի թիմն ու դպրոցը՝ Noor Racing-ը, Երևանում կկառուցի միջազգային չափանիշներին համապատասխան ավտոդրոմ:
2024 թվականին հիմնադրված Noor Racing-ն իր ներդրումային ծրագրի շրջանակներում կառավարության որոշմամբ ազատված է ներմուծման մաքսատուրքից։ Դրա նպատակն է մի քանի փուլով ներդրումների միջոցով զարգացնել ավտոսպորտը Հայաստանում։
Առաջին փուլի շրջանակներում արդեն գնվել է միջազգային ստանդարտի 15 սպորտային ավտոմեքենա (Sodi RT 8): Նրանց օգնությամբ նախատեսվում է միջազգային մրցույթներ կազմակերպել Հայաստանում։ Մասնակիցները Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և այլ երկրների ներկայացուցիչներ կլինեն։ Այն եզակի պայմաններով մրցաշար կլինի, քանի որ նման մեքենաները տարածաշրջանում կլինեն միայն Հայաստանում։
Երկրորդ փուլում ծրագրի հաջող իրականացման դեպքում նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան մրցուղի։ Այս ենթակառուցվածքը հնարավորություն կունենա ընդունելու խոշոր միջազգային մրցույթներ։