
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին․ արդարադատության նախարարի շրջայցը
Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այցի ընթացքում նա նշել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում անազատության մեջ գտնվողների պահման վայրի միջազգային ընդունված չափանիշներին:
Տարիներ շարունակ բարձրաձայնվել է հիմնարկի ընդհանուր վիճակը, խնդրահարույց պայմանները։ Այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվում է 505 ազատզրկված։ Արդարադատության նախարարը նշել է, որ կոսմետիկ և հրատապ, այդ թվում կազմակերպչական լուծում պահանջող խնդիրների մի մասն արդեն լուծվել է, որոշ մասն էլ ընթացքի մեջ է:
Քրեակատարողական ծառայության ուշադրության կենտրոնում է դիտարկման արդյունքներով արձանագրվածի շտկումը, սակայն հիմնարկի շենքային պայմանները շատ դեպքերում պարզապես հնարավորություն չեն տալիս խնդիրների հիմնովին վերացմանը: Ուստի այդ պայմաններում հնարավոր է միայն դրվագային լուծումներ տալ առկա մտահոգիչ արձանագրումներին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց էին իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Այցի ընթացքում մի շարք խնդիրներ էին հայտնաբերել․ քրեակատարողական հիմնարկի որոշ խցերում պահպանված չեն ազատությունից զրկված անձանց հատկացվող նվազագույն բնակելի տարածության չափը, օրինակ՝ 25 քմ մակերես ունեցող խցում (ներառյալ՝ սանհանգույցը) պահվում է ազատությունից զրկված 8 անձ։ Որոշ խցեր կահավորած չեն եղել օրենսդրությամբ նախատեսված և անձի պատշաճ, արժանապատիվ կենցաղավարումը կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով, օրինակ՝ նստարաններով և սեղաններով։
Մասնաշենքերում բացակայել են տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը, ինչը կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից։ Քրեակատարողական հիմնարկ միաժամանակ ընդունվող մեկից ավելի ազատությունից զրկված անձանց բժշկական զննությունն իրականացվել է միաժամանակ։ Արձանագրվել են դեղորայքի պատշաճ պահպանման հետ կապված խնդիրներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք և բժշկական պարագաներ։