ՀայաստանՍոցիալական

Քաղաքապետարանը ամփոփել է նախորդ օրերի «ձնառատ» իրավիճակը Երևանում

Փետրվարի 21-ից Երևանում տեղացող առատ ձյունը մեծ խնդիրների պատճառ էր դարձել։ Դրան հաջորդող օրերին համալսարանները հետաձգեցին դասերը, մի շարք գործատուներ աշխատանքները իրականացրին հեռավար կարգով։ Երևանի քաղաքապետարանից նշում են, որ բոլոր վարչական շրջանները ունեցել են համապատասխան քանակության աղի և ավազի պաշարներ։ Փետրվարի 22-23-ը աղի կոմբինատից և ավազի հանքերից անընդհատ ներկրումներ են արվել։

Քաղաքապետարանից նշում են, որ մեծ խնդիրներ են առաջացել հատկապես առաջին օրը՝ փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը։ Հատկապես մայրաքաղաքի հյուսիսային՝ Արաբկիր, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում տեղացած առատ ձյունը մեծ դժվարություններ էր առաջացրել։ Արաբկիր վարչական շրջանում էլ տեղի է ունեցել տեխնիկայի խափանում, ինչը մոտ 2 ժամով էական ազդեցություն է ունեցել Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր շրջանների ձնամաքրման աշխատանքների վրա։

Առաջին փուլում մաքրվել են առաջնային փողոցները, հետո՝ երկրորդային։ Զուգահեռ կատարվել են նաև մայթերի և բակային տարածքների մաքրման աշխատանքները։ Հեռացվել են տանիքից կախված սառցաբեկորները, մաքրվել են շենքերի, անցումների աստիճանները և այլն։

Քաղաքապետարանից հայտնում են, որ մեծաչափ տեխնիկան չի կարողացել մուտք գործել որոշ փողոցներ, ինչպիսիք են օրինակ Սարի թաղը և Քանաքեռ-Զեյթունի մի շարք փողոցներ։ Այդտեղ արդեն ձնամաքրման աշխատանքները իրականացվել են փոքր պիկապների միջոցով։