
«Վերջին դաս»՝ նոր ձևաչափով. ի՞նչ է փոխվում 2025-ին
ԿԳՄՍ նախարարությունը փորձում է ամբողջովին վերափոխել տարիներ շարունակ Հայաստանի դպորցներում իրականացվող «Վերջին զանգ» միջոցառումը։ Այս անգամ էլ առաջարկվել է 2024-2025 ուսումնական տարվա «Վերջին դաս» միջոցառումները կազմակերպել մշակութային տարվա շրջանակներում։ Համապատասխան գրությամբ շրջաբերականը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուղարկել է Երևանի քաղաքապետարանին, մարզպետարաններին, ինչպես նաև հանրակրթական դպրոցների տնօրեններին։
Ըստ այդմ՝ նախարարությունը կխրախուսի դպրոցներում կրթամշակութային բովանդակությամբ միջոցառումների անցկացումը։ Նախատեսվում է նաև մրցույթ կազմակերպել։ Դրա շրջանականերում կձևավորվի ժյուրի, և լավագույն միջոցառումներ կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն։
Միաժամանակ, նախարարությունը խստորեն շեշտում է, որ «Վերջին զանգի» կազմակերպման ընթացքում պետք է բացառել պարտադրված դրամահավաքությունը։ Մասնավորապես, արգելվում է դրամահավաք կազմակերպել սցենարի, լուսանկարահանման, տեսանկարահանման, դպրոցների ու դասարանների ձևավորման, հագուստների, ավարտական երեկոյի և նվերների համար՝ անկախ այն հանգամանքից, թե նախաձեռնությունը դպրոցի ղեկավարությանն է, թե ծնողներինը։
«Վերջին դասը» Հայաստանի դպրոցներում հիմնականում նշվում է մայիսի վերջերին։