
Ազգային ժողովում լիահույս են, որ ԵՄ վիզաների ազատականացումը իրականություն կդառնա․ հնարավո՞ր է, թե՞ ոչ
Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում հույս հայտնեց, որ մի քանի տարվա ընթացքում վիզաների ազատականացումը կհաջողվի։ Հավելեց, որ Հայաստանն իր կողմից անելու է ամեն հնարավորը՝ դա անելու համար։
Նիստի ընթացքում Եղոյանը մանրամասնեց, որ այժմ Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկում է գործընկերության նոր օրակարգ։ Բացի այդ՝ նա հիշեցրեց, որ երկու շաբաթ առաջ Հայաստանի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Նախորդ տարի մեկնարկեց նաև Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը: Կոմիտեի համանախագահը կարծիք հայտնեց դրա վերաբերյալ․
Սա մի որոշում էր, որին մենք շատ-շատ երկար էինք սպասել և երկար տարիներ տքնաջան աշխատել էինք ոչ միայն ԵՄ ինստիտուտների, այլ նաև ԵՄ անդամ երկրների հետ առանձին-առանձին։
Եղոյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ անդամ 27 երկրի՝ վստահեցնելով, որ սրան հետևելու են Հայաստանի կողմից քայլերը՝ տեխնիկական մակարդակում, քաղաքական կամքը կա: Պատգամավորը կարևոր համարեց Հայաստանի համար նաև Եվրոպական խաղաղության գործիքակազմից աջակցություն ստանալը:
Դեռ ամիսներ առաջ անդրադարձել էինք ազատականացման հարցին։
Եթե երկխոսության արդյունքում ԵՄ-ն որոշի ազատականացնել վիզայի ռեժիմը, ապա Հայաստանի քաղաքացիները կկարողանան մինչև 90 օր առանց վիզայի այցելել Շենգեն գոտի՝ զբոսաշրջության, ընտանեկան կամ գործնական կարճաժամկետ այցերի նպատակով: Վիզաների ազատականացման գործընթացը կարող է տևել մի քանի տարի։ Օրինակ, Վրաստանի դեպքում գործընթացը տևել է մոտ 5 տարի, Ուկրաինայի դեպքում՝ 9 տարի: