ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հակառուսական բանաձև է ընդունել։ Այն վերաբերում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Բանաձևին կողմ է քվեարկել 93 երկիր, դեմ՝ 18-ը, իսկ 65-ը՝ ձեռնպահ է մնացել։ Հայաստանը ձեռնպահ մնացած երկրների թվում է եղել։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթղթում ընդգծվում է դեէսկալացիայի անհրաժեշտությունը, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և Ուկրաինայի դեմ պատերազմի խաղաղ կարգավորումը։ Մոսկվայից պահանջվում է անհապաղ, ամբողջական և անվերապահ զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից, ինչպես նաև միակողմանիորեն ռազմական գործողությունների դադարեցում։

Առաջին անգամ բանաձևին չի միացել ԱՄՆ–ն։ Միացյալ Նահանգները մշտապես նմանատիպ բանաձևերի համահեղինակն է եղել։ Նշվում է, որ Վաշինգտոնն իր բանաձևը կներկայացնի։ Բանաձևը ներկայացրել էր Ուկրաինան՝ որպես 50 երկրի հետ համահեղինակ։

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը ներկայացնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին նոր բանաձև։ Նա ՄԱԿ-ին կառաջարկի պատմական բանաձև։ Նա նշում է, որ դրան պետք է աջակցեն կազմակերպության բոլոր անդամները՝ «խաղաղության ճանապարհ հարթելու համար»: Բանաձևում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ չկան։ Փաստաթղթում ցավ է արտահայտվում մարդկային կորուստների կապակցությամբ «ռուս-ուկրաինական հակամարտությունում» և կոչ է արվում հնարավորինս արագ դադարեցնել ռազմական գործողությունները։