ՀայաստանՍոցիալական

Ըստ հարցման՝ Հայաստանում 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ չի դժգոհում

Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի սոցիալական հարցումների արդյունքում հարցվածների շուրջ 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում, չի դժգոհում ոստիկանության աշխատանքից:

Ըստ Արփինե Սարգսյանի՝ այս մակարդակը պետք է պահպանել և ավելի բարձրացնել։ Անդրադառնալով ՆԳՆ-ի կատարած աշխատանքներին՝ նա շեշտեց պարեկային ծառայությանը դերը հանրապետությունում։ Այն արդեն իսկ գործում է ամբողջ հանրապետությունում։ Արփինե Սարգսյանը այս համատեքստում հիշեցրել է, որ գերատեսչությունը նոր է ձևավորվել, և կարողությունների զարգացումը մշտական գործընթաց է։

Նա նաև հիշեցրել է, որ 2024 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է 2024-2026 թվականների համար ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը։

 International Republican Institute-ը դեռ նոյեմբերին հարցում էր անցկացրել՝ պարզելու, թե որ գերատեսչությունից են քաղաքացիները գոհ։ Ոստիկանության աշխատանքից շատ գոհ են եղել 23 տոկոսը, 38 տոոկսը գոհ է եղել որոշ չափով, որոշ չափով դժգոհ է եղել 15 տոկոսը, 20 տոկոսը շատ դժգոհ է եղել, իսկ 4 տոկոսը տեղյակ չի եղել կամ հրաժարվել է պատասխանել։ Ըստ այդ հարցման՝ Զինված ուժերի աշխատանքն ամենից շատն է գոհացրել քաղաքացիներին (29 տոկոս)։