ՀայաստանՊատահար

Վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման կեղծ արձանագրություններ են կազմվել

Պարեկների կողմից մի շարք վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություններ կազմելու շուրջ 50 դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Խախտումները արձանագրվել են Շիրակի մարզում։

Նախաքննությամբ պարզվել է, որ 2023-2024 թվականների ընթացքում ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ կեղծ արձնագրություններ։ Դրանք կազմվել են տրանսպորտային միջոցներ վարած մի շարք անձանց կողմից որևէ իրավախախտում կատարված չլինելու պայմաններում։

Յուրաքանչյուր դեպքում պարեկները կազմել են մինչև 15 կեղծ արձանագրություն, որոնց հիման վրա էլ որոշումներ են կայացվել հիշյալ վարորդներին 5000-100․000 ՀՀ դրամով տուգանելու վերաբերյալ։ Դրանք պարեկները մուտքագրել են փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգ: Ընդհանուր առմամբ՝ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 286 կեղծ արձանագրություն:   

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է ներկայացվել 19 պարեկի, որոնցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացվել գործուն զղջալու հիմքով:

17 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ դատախազի կողմից հասատվել և ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար: