ԿրթությունՀայաստան

Նոր նախաձեռնություն՝ ուսանողներին գործատուներին կապելու համար

Օրենքի նախագիծ կառաջարկվի, ըստ որի կստեղծվեն դուալ ուսուցման կազմակերպման կառույցներ և ոլորտային կառույցներ, որոնք պիտի աշխատեն կրթական ձևերը տարածելու և զարգացնելու ուղղությամբ։ Այն ունենալու է նաև հոգաբարձուների խորհուրդ, որում ընդգրկված կլինեն տարբեր գերատեսչությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ 

Իսկ ի՞նչ է դուալ կրթությունը։ Այն ուսուցման համակարգ է, որտեղ համադրվում են թե՛ ակադեմիական կրթությունը, թե՛ գործնական փորձը: Այսինքն՝ ուսանողները տեսական դասերի հետ մեկտեղ սովորում են նաև գործնականում կիրառել դրանք։

Նախագիծը վերջնական տեսքի բերելուց հետո այն շրջանառության մեջ կդրվի։ Գործընթացն իրականցվելու է փուլային տարբերակով՝ ընդլայնելով մասնագիտությունների ցանկը, ներգրավելով ավելի շատ գործատուներ։ Այս տարի շեշտը դրվելու է թեթև արդյունաբերության վրա։  

Աշխատանքի վրա հիմնված կրթության ծրագիրն իրականացվել է մի շարք ուղղություններով՝ գինեգործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, խոհարարություն, գյուղատնտեսություն։ Մեծ պահանջարկ են հիմա վայելում կարի, շինարարության, ՏՏ ոլորտի և այլ ուղղությունների մասնագետները։

Ընթացիկ տարում նախատեսվում է նաև նկատելի աշխատանք կատարել միջին մասնագիտական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ։