
Հայաստանը կարող է միանալ Հաագայի արբիտրաժային դատարանին․ ի՞նչ հայցեր կան այնտեղ Հայաստանի դեմ
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ազգային ժողովում ներկայացրել է Հաագայի համապատասխան խաղաղության կոնվենցիաները (1899 և 1907 թվականներ) վավերացնելու մասին օրինագիծը։
Նա հավելել է, որ դառնալով Հաագայի արբիտրաժային դատարանի անդամ՝ Հայաստանը կկարողանա հայց ներկայացնել, ինչպես նաև չորս արբիտր նշանակել դատարանում։ Հաագայի մշտական արբիտրաժային դատարանում ներկայումս ընթանում են երկու միջպետական գործեր, որոնք Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանի դեմ։ Այս գործերը վերաբերում են շրջակա միջավայրի պահպանությանը և էներգետիկ ռեսուրսների օգտագործմանը։
Առաջին հայցը ներկայացվել է 2023 թվականի հունվարին՝ Վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում իրականացրել է անտառահատումներ, հանքարդյունաբերություն և հիդրոէլեկտրակայանների կառուցում, ինչը հանգեցրել է շրջակա միջավայրի և կենսաբազմազանության զանգվածային ոչնչացման։
Երկրորդ հայցը ներկայացվել է 2023 թվականի փետրվարին՝ Եվրոպական էներգետիկ խարտիայի համաձայնագրի շրջանակներում։ Այստեղ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը խախտել է իր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքները՝ վնաս հասցնելով էներգետիկ ենթակառուցվածքներին և խոչընդոտելով էներգիայի տարանցումը։
Այս երկու գործերով արդեն նշանակվել են արբիտրաժային տրիբունալներ, և առաջին նիստերն արդեն կայացել են։ Ըստ հաստատված ժամանակացույցի՝ գործերը պետք է ավարտվեն 2027 թվականի սկզբին։