ՀայաստանՍնունդ

Հայաստանում 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ունի ավելորդ քաշ

Հայաստանում ավելորդ քաշն ու ճարպակալումը լուրջ հանրային առողջապահական մարտահրավերներ են: Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության համաձայն՝ 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ունի ավելորդ քաշ կամ ճարպակալում, իսկ STEPS և Առողջապահության համակարգի գնահատման հետազոտությունների տվյալներով՝ մեծահասակների շրջանում այս ցուցանիշը հասնում է մոտ 50%-ի։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում ավելորդ քաշի տարածվածությունն աշխարհում զգալիորեն աճել է. մեծահասակների շրջանում այն կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել։ Ավելորդ քաշն ու ճարպակալումը մեծացնում են ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման հավանականությունը, ներառյալ սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, քաղցկեղը, նյարդաբանական խանգարումները, քրոնիկական շնչառական հիվանդությունները և մարսողական համակարգի խնդիրները։

Քաշի ավելացումը հիմնականում առաջանում է էներգիայի ընդունման և ծախսման միջև անհավասարակշռության պատճառով։ Դա կարող է պայմանավորված լինել ժառանգական, հորմոնալ, սննդակարգային, ֆիզիկական թերակտիվության, հոգեբանական և սոցիալական գործոններով։ Մանկության և պատանեկության շրջանում ավելորդ քաշը ոչ միայն բացասաբար է անդրադառնում առողջության վրա, այլև մեծացնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը հետագա կյանքում։ Այն կարող է առաջացնել նաև հոգեբանական խնդիրներ, խտրական վերաբերմունք և ազդել կյանքի որակի վրա։