
Երևան-Երասխ ճանապարհին էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենային․ կա երկու զոհ
Այսօր՝ մարտի 5-ին երեկոյան ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի վարչական տարածքի երկաթուղային գծի տարածքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար․ էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենային։ Ավտովթարի պատճառով ավտոմեքենայում գտնվող երկու քաղաքացիներ տեղում մահացել են, մյուս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։ Վերջիններիս տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
Նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել այն պահին, երբ մեքենան փորձել է հատել երկաթուղին։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ բախումը տեղի է ունեցել Մասիս-Արտաշատ վազուրդի չկառավարվող գծանցման հատվածում՝ ավտոմեքենայի վարորդի երթևեկության կանոնների խախտման պատճառով։
Վթարի հանգամանքները դեռևս պարզվում են, իրավապահ մարմինները դեպքի վայրում իրականացնում են քննություն՝ պարզելու, թե որ կողմի սխալի հետևանքով է տեղի ունեցել բախումը։