
Ծաղկաձորի նախկին գիշերօթիկի փոխարեն համայնքապետարան կկառուցվի
Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում կկառուցվի համայնքային զբոսայգի, համայնքապետարանի վարչական շենք, թատրոնի շենք, ավտոկայանատեղի։ Դրանք կկառուցվեն Կեչառիս վանական համալիրին հարակից տարածքում, որը զբաղեցնում է մոտ 3 հա տարածք։ Նախկինում այս տարածքում տեղակայված է եղել գիշերօթիկի դպրոց, որը 1990-ական թվականներից չի գործում։ Ծրագիրը իրականացնելու համար Ծաղկաձորի համայնքապետարանը հատկացնելու է 1 միլիարդ դրամ՝ շինարարությունները մինչև 2030 թվականը ավարտելու համար։
Այդ տարածքում առկա են 5 շինություններ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում և շահագործման ենթակա չեն։ Նախատեսվում է ապամոնտաժել գոյություն ունեցող շինությունները և երեք հարկ ունեցող երկու մասնաշենք կառուցել։ Առաջին մասնաշենքը կծառայի որպես Ծաղկաձոր համայնքապետարանի վարչական շենք, իսկ մյուս մասնաշենքը՝ թատրոնի համար։
Համայնքապետարանի մասնաշենքում, համայնքի ղեկավարի աշխատակազմից բացի, նախատեսվում է ներառել նաև քաղաքացիների սպասարկման գրասենյակը, նիստերի դահլիճ (կոնֆերենց դահլիճ), որտեղ կանցկացվեն համայնքի ավագանու նիստերը, հանրային քննարկումներ, ինչպես նաև համայնքային, պետական և միջազգային նշանակության այլ հանդիպումներ, — նշված է ծրագրի հիմնավորման մեջ։
Հողատարածքի մնացած հատվածում նախատեսվում է իրականացնել բարեկարգում՝ կանաչապատում, զբոսայգի, ճեմուղիներ, մանկական խաղահրապարակ, հեծանվուղի և մշակութային միջոցառումների կազմակերպման բացօթյա բեմահարթակ։ Համայնքային զբոսայգու կառուցումը նախատեսվում է իրականացնել մոտ 2 հա մակերեսի վրա, որը կզբաղեցնի հողամասի մակերեսի 70 տոկոսը։