
Դատում են ոչ թե ինձ, այլ ողջ հայությանը․ Ռուբեն Վարդանյան
Մարտի 7-ին Ռուբեն Վարդանյանի ընտանիքի անդամները փոխանցել են նրա աուդիոուղերձը հայ ժողովրդին։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից խոսել է Ադրբեջանում իր դատավարության, հացադուլների պատճառների և այլնի մասին։
Նա շնորհակալություն է հայտնել իր մտերիմներին և միաժամանակ ներողություն խնդրել՝ նրանց անհանգստություն պատճառելու համար։
Ես գիտեի, թե ինչի եմ գնում և պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների։ Եվ ես զոհ չեմ։ Ինձ պետք չէ խղճալ, որովհետև սա գիտակցված որոշում է եղել։ Իմ պահանջները նույնն են։ Եթե դատում եք, դատեք պրոֆեսիոնալ կերպով՝ ըստ օրենքների՝ հանրային և բաց կերպով՝ միջազգային դիտորդների և լրագրողների մասնակցությամբ։ Չէ՞ որ դուք վստահ եք ձեր ճշմարտացիության վրա։
Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրենք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից, — հայտարարել է Վարդանյանը՝ կոչ անելով Բաքվին՝ չխախտել սեփական օրենքներն ու ընթացակարգերը:
Ռուբեն Վարդնյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում դատում են ոչ թե իրեն կամ 15 հոգու, այլ ամբողջ հայությանը։ Նա նշել է, որ սա ամբողջ կոնֆլիկտի վերջը չէ, այլ դրա մի փուլն է։
Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց», — Բաքվի մեկուսարանից, ընտանիքի միջոցով փոխանցած աուդիոուղերձում, ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Հետաքրքրական է նաև այն, որ Ռուբեն Վարդանյանը ներողություն է խնդրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի կնոջից, նշելով, որ եթե ինքը չլիներ, Մանուկյանը չէր ձերբակալվի։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը և Դավիթ Մանուկյանը միասին են փորձել լքել Արցախը։ Հենց այդ ժամանակ էլ՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին նրանք ձերբակալվել են։
Ես օպտիմիստ եմ և հավատում են, որ փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը կհաղթահարվի, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ։ Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, — ասել է Վարդանյանը՝ կարծես հակադարձելով Փաշինյանին։
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել նաև որոշ ադրբեջանցիների, որոշներին էլ համեմատել հայերի հետ։
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեծ թվով ադրբեջանցիների, որոնց հետ այստեղ առնչվել եմ, մարդկային արժեքներին նրանց հավատարմության համար, անգամ այն դեպքում, երբ նրանք ինձ թշնամի են համարում և իրենց մոտ կուտակված դժգոհություն կա: Նրանք պահպանել են իրենց մարդկային կերպարը: Իսկ բոլոր նրանց, ովքեր իրենց այլ կերպ են պահել, ես անկեղծ խղճում եմ և ներում, ինչպես նաև այն հայերին, որոնք Հայաստանում են նույն կերպ վերաբերվում ինձ և ընտանիքիս: