ՀայաստանՍոցիալական

Երևանի հեռուստաաշտարակին կից հողատարածքը վերադարձվեց պետությանը

Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցում գտնվող հեռուստաաշտարակին հարող տարածքը կվերադարձվի պետությանը։ Այն ունի անտառային նշանակություն։ Ընդհանուր առմամբ՝ հողի մակերեսը 6640 քմ է, որի շուկայական գինը հասնում է շուրջ 255 միլիոն դրամի։

Նշենք, որ հողատարածքը վաճառվել էր 2005 թվականի հունիսի 30-ին։ Պայմանագրի կողմերը Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն էր և ոմն Ա․Մ-ն։ Նրանց միջև կնքվախ առուվաճառքի պայմանագիրը անվավեր է համարվել։

Դատական տեղեկատվական համակարգում կարելի է տեսնել, որ նախկին քաղաքապետը, ով Երևանը ղեկավարել է 2003-2009 թվականներին, մեղադրվում է ևս երկու գործով։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ գործը վերաբերում է հողերի ապօրինի առքուվաճառքին։

Առաջին գործը վերաբերում է Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող հողատարածքի օտարմանը (24 հազար քմ մակերեսով Երիտասարդական պալատն օտարել է կադաստրային արժեքից ավելի քան 12 անգամ պակաս գնով), երկրորդը՝ «Արաբկիր» զբոսայգու տարածքի 1500 քմ մակերեսով հողատարածքի անօրինական վաճառքին։

Սակայն բացի այս գործերից՝ նրա անունը արդեն երկար ժամանակ է, ինչ շոշափվում է մամուլում։ Նա մեղադրվում է Երևան քաղաքի մի շարք հողերի անօրինական վաճառքների և օտարումների մեջ։

Երևան քաղաքին է վերադարձվել նաև նրա օրոք վաճառված Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշին փողոցին հարող, ինչպես նաև Երևանի Ազատության պողոտա 2/5 հասցեում գտնվող 10.000 քմ տարածքները։