ՀայաստանՍոցիալական

Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Վեոլիա ջուր» ընկերության պարտավորությունները

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածով անցնող Հրազդան գետի և դրա վրա կառուցված Երևանյան լճի աղտոտումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվել է 2 աղբաորսիչ ցանցերի կառուցում։ Վերջերս շահագործման հանձնված սարքերի նախագծման և տեղադրման համար ծախսվել է շուրջ 122 միլիոն դրամ։ Այս հարմարանքների օգնությամբ ջրային տարածքները մաքրվում են մեծ տրամաչափի կենցաղային թափոններից։

Աղբաորսիչ կայանները տեղակայված են Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում՝ գետի հունային հատվածներում։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է քաղաքապետարանը զբաղվում նման աշխատանքներով, եթե այս դաշտը գտնվում է ոչ թե քաղաքապետարանի, այլ «Վեոլիա ջուր» ընկերության ենթակայության տակ։ Գետի մեջ են թափվում մի շարք բնակավայրերի կոյուղաջրեր և մի քանի առափնյա արտադրամասերի կեղտերը, որի մեջ է մտնում նաև «Աէրացիա» կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանը։ Վերջին տարբերակի դեպքում կայանը լիճ է լցնում արդեն իսկ մաքրված կեղտաջրերը։ Սակայն այստեղ հարց է առաջանում, թե ինչքանով է այդ ջուրը մաքրվում։

Հրազդան գետը մեծ նշանակություն ունի Արարատի մարզի համար։ Այն սկիզբ է առնում Սևանա լճից և թափվում Արաքս գետի մեջ։

Հրազդան գետի ջրերով են ոռոգվում Արարատի մարզի մի շարք գյուղատնտեսական հողատարածքներ։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի ամբողջ տարածքում կոյուղիների խնդիր կա։ Մի շարք բնակավայրերում կոյուղու գլոբալ ցանցի բացակայության պպատճառով կեղտաջրերը թափվում են գետեր՝ մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին։ Նման խնդիրների հիմնական պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է։