
Տնտեսական անհամաչափություն Հայաստանում․ ինչու՞ է մարզերի զարգացումը հետ մնում Երևանից
Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական գործունեության ավելի քան կեսը կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում, մասնավորապես՝ Երևանում այն կազմում է 58 %, մարզերում՝ միասին 42%։ Սա նշանակում է, որ երկրի ներսում առկա է տնտեսական գործունեության անհամաչափ բաշխում։
Նման կենտրոնացումը կարող է ունենալ երկու ազդեցություն՝ մի կողմից առաջացնում է ավելի մեծ շուկա և գործարար միջավայր Երևանում, մյուս կողմից՝ հանգեցնում տարածաշրջանային անհավասարության:
Amnews-ը խոսել է Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանի և տնտեսագետների հետ՝ այս խնդրի պատճառները պարզելու համար։
Անհամաչափությունը պայմանավորված է տարբեր գործոններով։ Մեկը այն է, որ տնտեսական ռեսուրսները, ենթակառուցվածքները շատ տարբեր են մարզերի համար, նրանք չունեն այն ենթակառուցվածքները ինչ Երևանը, բացի այդ, մարզերում նաև կա որոշակի գործարար մշակույթի պակաս. եթե Երևանում տեղական և միջազգային կազմակերպությունները գործարար մշակույթ ձևավորել են, մարզերում՝ հատկապես գյուղական վայրերում, շատ թույլ են զարգացած կրթությունը, գիտելիքը՝ գործարարությամբ զբաղվելու համար։ Մարզերում որակյալ և երիտասարդ աշխատուժի պակասը հանգեցնում է նրան, որ ներդրումները ևս կատարվում են մայրաքաղաքում։
Վերջին տարիներին անվտանգության խնդիրները նույնպես պատճառ են հանդիսացել։ 2020 թվականից հետո հատկապես սահմանամերձ տարածքներում ունենք տնտեսական գործունեության նվազում, բնակչության տեղաշարժ, — բացատրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը
Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանի խոսքով՝ կառավարությունն իրականացնում է մարզերի զարգացմանն ուղղված ծրագրեր։
Էկոնոմիկայի նախարարությունը պետական աջակցության բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնցից կարող են օգտվել բոլոր մեր քաղաքացիները, այդ թվում՝ մարզերի բնակիչները։
Մարզերի համաչափ զարգացումը կառավարության օրակարգում է, սակայն փոփոխությունները մեկ օրում չեն կարող գրանցվել։
Հարցին, թե ինչու են մարզերում տնտեսական ցուցանիշները շարունակում մնալ ցածր, Շաբոյանը պատասխանում է, որ «պետությունը տեղյակ է, վիճակագրական տվյալները իհարկե մտահոգիչ են»:
Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն առավել քննադատաբար է մոտենում հարցին:
Վիճակագրական կոմիտեն սխալ թվեր է հրամցնում, քաղաքական պատվեր է կատարում, և գեղեցիկ թվեր է տալիս երկրի իբր տնտեսական աճի վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարությունը չի զբաղվում երկրի տնտեսության որևէ ծրագրով:
Կառավարության հավաստիացումներին հակառակ, վիճակագրությունը և փորձագետների կարծիքները վկայում են, որ մարզերի զարգացման և տնտեսական անհամաչափության հարթեցման ուղղությամբ կատարված քայլերը առայժմ բավարար արդյունք չեն տալիս: