ՀայաստանՊատահար

Հայաստանի ատոմակայանից գողություն են կատարել

Օրեր առաջ՝ մարտի 6-ին, խոշոր չափի գողություն է կատարվել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանից։ Ատոմակայանի վարչական տարածքի պահեստներից մեկից գողացել են պղնձից, նիկելից և երկաթից պատրաստված խողովակներ։ Ատոմակայանին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Դեպքի փաստով «պետական ունեցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Amnews-ը փորձեց տեղեկություններ ստանալ հենց ատոմակայանից, սակայն նրանք մանրամասներ չտրամադրեցին։ Նրանք ո՛չ հերքեցին, ոչ՛ էլ հաստատեցին ինֆորմացիան։ Ղեկավարության քննարկումից հետո ատոմակայանից խոստացան կապ հաստատել մեզ հետ։ Մանրամասները՝ ավելի ուշ։

Նշենք, որ Մեծամորի ատոմակայանը Հարավային Կովկասում միակ գործող ատոմակայանն է։ Այն գտնվում է մայրաքաղաք Երևանից 36 կմ արևմուտք՝ Արմավիրի մարզում։ Ներկայումս կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի մոտ 40%–ը։