Հայտնի են Փարաքարի ընտրությունների մասնակից դաշինքների համարները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։
Դրանք իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թիվը ամենափոքրն է։
Այսպիսով Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 1
Լյուդվիդ Գյուլնազարյան,
Կարապետ Արթենյան,
Արաքսյա Վարդանյան։
Լյուդվիգ Գյուլնազարյանը նախկինում եղել է Փարաքարի համայնքապետ։ Նա հրաժարական տվել Երևանում տեղի ունեցած սպանությունից հետո։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ կապ չունի այդ դեպքի հետ և ոչ ճիշտ ժամին ոչ ճիշտ վայրում է հայտնվել։
Կարապետ Արթենյանը եղել է Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ։
«Միասնություն» կուսակցությունների դաշինք — 2
Այս դաշինքի մեջ են մտնում «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները։
Վալոդյա Գրիգորյան,
Օնիկ Ախվերդյան,
Էմմա Թորոսյան։
Վոլոդյա Գրիգորյանը 2021 թվականի դեկտեմբերից Փարաքար համայնքի ավագանու անդամ է և Փարաքար համայնքի «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար։
«Ազգային առաջընթաց կուսակցություն» — 3
Դավիթ Մինասյան,
Մարինե Աբրահամյան,
Վարդան Ուզունյան։
Դավիթ Մինասյանը 2019 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2024 թվականի մայիսը Փարաքար համայնքի ղեկավարն է եղել։
«Կայունություն» կուսակցություն — 4
Գոռ Սարիբեկյան,
Էմին Երիցյան,
Արփենիկ Վարդանյան:
Գոռ Սարիբեկյանը և Կարապետ Արթենյանը նախկին գործընկերներ են։ Նրանք երկուսն էլ աշխատել են Փարաքարի համայնքապետարանում՝ որպես տեղակալներ։ Նա օրեր առաջ հերքել էր մամուլում տարածվող լուրերն այն մասին, որ սատարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին և պատրաստ է միավորվել նրանց հետ։
Էմին Երիցյանը Հայաստանի համայնքների միության նախագահ։ Բացի այդ՝ նա մի շարք միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցիչն է։
Փարաքարի ավագանու ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։
