ՀայաստանՔաղաքականություն

Քրեական հետապնդում է հարուցվել Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի դեմ

Հայաստանի Գլխավոր դատախազությունը միջնորդել է Ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Այս մասին իմանում ենք Ազգային ժողովի կայքից։

Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործը։ Դատախազությունը պնդում է, որ փաստական հիմքեր ունի Հովիկ Աղազարյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու հոդվածներով քրեական հետապնդում հարուցելու համար: Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

Տարոն Մարգարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունների չարաշահման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման հոդվածներով:

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել խորհրդարանի և՛ հերթական, և՛ արտահերթ նիստում: Ազգային ժողովի հերթական նիստը նշանակված է մարտի 25-ին:

Հիշեցնենք, որ դեռևս 2024 թվականի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Մեկ այլ գործով՝ նա մեղադրվում է մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ոչ օրինական գործունեության մեջ։ Հավանաբար՝ հենց այս գործով էլ դատախազը միջնորդություն է ներկայացրել: