ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական հռչակագիր է ստորագրվել

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը ստորագրել են Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդում, ենթակառուցվածքներ, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության խորացում, ներառյալ՝ պայքար հիբրիդային վտանգների, սպառնալիքների դեմ, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և իրավունքի գերակայության խթանում և մարդկանց միջև շփումներ:

Առանձին կետեր կան նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման մասին։ Հռչակագրի ընդհանուր բովանդակությունը կհայտարարվի ավելի ուշ։

Նշենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1997 թվականից։ Հայաստանը ռազմավարական պայմանագրեր ունի Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների հետ։ Վերջերս նաև ԱՄՆ-ի հետ կնքվել էր ռազմավարական գործընկերության կանոնադրություն։