
Հանրային տրանսպորտի թեմայով իշխանության և ընդդիմության շահերը կրկին բախվում են
Հանրային տրանսպորտի թեման Հայաստանում խաղաթուղթ է դարձել ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների համար։ Այստեղ հաճախ բախվում են երկու կողմերի շահերը։
Մարտի 12-ին Երևանի ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը հայտարարություն էր արել, ըստ որի՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ աշխատանքից ազատման դիմում են գրել։
Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել և հեռացել աշխատանքից։ Խոսքը ZHONG TONG ավտոբուսների վարորդների մասին է։ Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի, 07։00 ես ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե ասենք՝ 07:25, միևնույնն է, դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է։
Նրան հակադարձել էր «Երևան ավտոբուս» ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը, նշելով, որ «Ժոնգ թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել։ Ըստ այդմ՝ նրանք չէին կարող բողոքել և դուրս գալ աշխատավարձի պատճառով։ Ասատրյանը նշել է, որ աշխատավարձը փոխանցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև հաջորդ ամսվա 15-ը։
Նշենք, որ Երևանի հասարակական տրանսպորտում երթուղի են դուրս գալիս 3 մակնիշի ավտոբուսներ՝ MAN, Zhong Tong, Gazel City։ Դրանց վարորդները վաստակում են, համապատասխանաբար 401,500 դրամ, 309 500 դրամ և 219,500 դրամ։