
Գյուղացու նոր «անձրևանոցը»․ Հայաստանը կշարունակի սուբսիդավորել բերքի ապահովագրությունը
Մարտի 13-ին կառավարության նիստի ժամանակ որոշում է ընդունվել շարունակել գյուղատնտեսական բերքի սուբսիդավորումը։ Այս անգամ կապահովագրվեն նաև ծիրանը և խաղողը, իսկ ցորենի, գարու, վարսակի դեպքում հասանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը։ Ըստ այդմ՝ 2025 թվականին ցրտահարութունից, երաշտից, կարկտահարությունից և երաշտից կապահովագրվի 13 մշակաբույս՝ խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ։
Եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200 տոկոսը, պետությունը կաջակցի ընկերություններին։ Այսինքն, եթե մինչև 200 տոկոս եղավ, ապահովագրական ընկերությունները իրենց միջոցներով դա կանեն, դրանից ավել՝ կառավարությունը կաջակցի։
Նախագծով նաև առաջարկում ենք մեծ աջակցություն նաև գյուղացիական տնտեսություններին։ Մասնավորապես՝ նախկինում ապահովագրավճարի 50-60 տոկոսն էր փոխհատուցվում, հիմա առաջարկում ենք 70-80 տոկոս սուբսիդավորում, — հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Այս պահին գյուղատնտեսական ապահովագրական ծրագրին մասնակցում է 3 ընկերություն` «Ինգո Արմենիա» «Լիգա Ինշուրնս» և «Սիլ Ինշուրնս»։
Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականից: Մինչև 2023 թվականը ծրագրային ցուցանիշները տարեցտարի աճել են։ 2023 թվականին ապահովագրվել է 13 մշակաբույս։