
Միջազգային հիմադրամները տեխնիկա կնվիրեն էկոպարեկներին` մարզերում հսկողությունը խստացնելու համար
Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը հեռադիտակներ կնվիրի էկոպարեկային ծառայությանը։ Կնվիրաբերեն նաև համակարգիչներ, մոնիտորներ, սերվեր և այլ սարքավորումներ, որոնք, ըստ Շրջակա միջավայրի նախարարության, կապահովեն օպերատիվ կառավարման կենտրոնի գործառույթները։ Սարքավորումները կօգտագործվեն Վայոց ձորի, Սյունիքի մարզերի տեղամասերում։
Ըստ օրենքի՝ անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողությունը նույնպես իրականացնում է էկոպարեկային ծառայությունը։ Ուստի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը էկոպարեկային ծառայությանը 220 հատ «էլեկտրական պոմպով սրսկիչ ուսապարկ» կնվիրի՝ որպես հակահրդեհային միջոց։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակը հրդեհային անվտանգության պաշտպանվածությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի, Թումանյանի, Իջևանի, Սևքարի, Սիսիանի և Վայոց ձորի անտառտնտեսություններում բարձրացնելն է։
Նշենք, որ Կովկասի բնության հիմնադրամը 2023 թվականին 1 միլիոն 83 հազար եվրո է հատկացրել Հայաստանում բնապահպանական ծրագրերի իրականացման համար։ Հիմնադրամը հիմնականում ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների կողմից։ Այն գործում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում, Վրաստանում։